Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան. նախարար
Առողջապահության նախարարությունը վերջին մի քանի ամիսներին ձեռնամուխ է եղել մի քանի նախագծերի, որոնց նպատակն է` զարգացնել առողջապահության ոլորտը, ավելացնել քաղաքացիների առողջ տարիների քանակը և երկարացնել ակտիվ կյանքի տևողությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ կառուցվածքային փոփոխությունների, և՛ այլ հարցերի։ «Մենք սկսում ենք գործընթացներ, որոնց հետևանքով կմիանան բուժհաստատություններ։ Նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը։ Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ։ Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին, և Հայաստանում կզարգացնենք պալեատիվ բուժօգնությունը և մեծահասակների համար ինտերնատները»,- ասաց Լևոն Ալթունյանը։
