«Զարուհի Փոստանջյանի դստերը հետազոտել են.լավ բան չեն ասում». «Երկիր Ծիրանի»
«Ապշել եմ, երբ տեսել եմ Զարուհի Փոստանջյանի կապտուկները։ Մի՞թե այս երկրում կրկնակի անձեռնմխելի անձը կարող է հենց ոստիկանների կողմից նման բռնության ենթարկվել։ Ես զարմացած եմ: Երեկ ուշ երեկոյան ես եղել եմ Զարուհի Փոստանջյանի և դստեր մոտ։ Երեխան անկողնային վիճակում էր, ուներ ուժեղ գլխացավեր, սրտխառնոց»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ներկայացուցիչ Գոհար Արշակյանը։ Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի դստեր առողջական վիճակին՝ նա ասաց. «Երեխային KT են արել , որի արդյունքն այդքան էլ լավ բան չի ասում։ Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ անգամ ոստիկաններ չեն գնացել։ Մարդն իր տան մեջ ընկնում է, ոտք-ձեռք կոտրում ու չի ուզում գնալ հիվանդանոց, ասում է՝ ոստիկանները գալու են, ընկնեն հետևիցս, ինչի՞ գնամ։ Իսկ հիմա ո՞ւր եք, պարոնա́յք ոստիկաններ։ Ի դեպ, այն մեքենան, որով տանում էին Զարուհի Փոստանջյանի աղջկան, չէր փչացել։ Իրենք զանգ են ստացել, զգացել, որ երեխային բերման ենթարկելը գլխացավանք է, և բաց են թողել նրան»,-ասաց նա: Սկզբում բռնություն կիրառել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, ենթադրվում է, որ հսկելիս են եղել շտաբը։ Ըստ նրա՝ Զարուհի Փոստանջյանը պատահական է հայտնվել այնտեղ։ Երբ տեսել է, որ թաղային հեղինակություններն այնտեղ են, հասկացել է, որ մի բան այն չէ։ Գոհար Արշակյանի խոսքով՝ սկզբում շտաբի աշխատակիցը մտածել է, թե ընտրազանգվածը եկել է գումար ստանալու, հետո, երբ երեխային նկարելիս տեսել է, նոր հասկացել է, որ Զարուհի Փոստանջյանն է։
