Վրաստանում 325 «օրենքով գողերի» են գրանցել
Վրաստանի ՆԳՆ-ն վրացական ծագում ունեցող 325 «օրենքով գողի» է գրանցել, որոնց մեծամասնությունը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։ Շալվա Խուցիշվիլին արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել է ապրիլին: «Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Երբ մի երկրում ապօրինի եկամուտ են նկատում, մյուսում՝ փողերի լվացում, Եվրոպոլի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս տեսնել պատկերն ամբողջությամբ»,- ասել է նա:
