Առանց ձևականության ուզում եմ առողջություն մաղթել Փոստանջյանի աղջկան. Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ, 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չէր վարվի այնպես, ինչպես երեկ վարվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ մուտք գործելով Ավանում ՀՀԿ նախընտրական շտաբ։ «Եթե ես լինեի թեկնածու, ես նույնկերպ չէի վարվի «Երկիր Ծիրանիի», «Ելք»-ի կամ այլ գրասենյակներում, բայց դա տիկին Փոստանջյանի խնդիրն է, ես չեմ ուզում իմ ժամանակը ծախսել գնահատականներ տալու համար», - «Ազատության» եթերում ասաց Է. Շարմազանովը։ Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանի արարքը ոչ հաճելի ու ոչ քաղաքական արարք էր։ «Օգտվելով առիթից ես առանց պաթոսի, առանց ձևականության ուզում եմ առողջություն մաղթել, որովհետև անկախ նրանից՝ մենք քաղաքական օպոնենտնե՞ր ենք, թե չէ, մեր ազգի երեխաների առողջությունը բոլորիս խնդիրն է, առողջություն եմ մաղթում, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ ես իմ տղային հետս չէի տանի քաղաքական այլ միջոցառումների, աղջկաս՝ առավել ևս», - նշեց նա։
