Ադրբեջանական լոլիկի և խնձորի անվտանգության մասին
Ես ազատ շուկայի կողմնակից եմ` իհարկե օրինական ճանապարհով:Ադրբեջանական խնձորը միակ գյուղմթերքը չէ, որ ՀՀ է ներկրվել, ուղղակի խնձորի դեպքը բացահայտվել է տուփերի պատճառով: Ինչպես Ադրբեջանից է Հայաստան գյուղմթերք միջնորդավորված հայտնվում, այնպես էլ հակառակը՝ Հայաստանից է Ադրբեջան հայտնվում,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: «Իհարկե, հաճելի չէ, երբ «Ադրբեջան» բառը գրված տուփը հայտնվում է Երևանում, բայց մի́ մոռացեք, որ նախորդ տարիներին մեր ծիրանը, հայկական թերթերով փաթաթված, հայտնվում էր Բաքվի շուկայում:Շուկան մնում է շուկա։ Այսպես թե այնպես, եթե արտադրանքը սպառում ունի, իհարկե, օրինական ճանապարհով, այն իր շուկան կգտնի։ Մենք Պարենի տեսչության հետ ուսումնասիրել ենք ապրանքը լաբորատորիայում, անվտանգության խնդիր չկա։ Իհարկե, եղել է դրամաշորթություն, մաքսանենգություն, որի համար, կարծում եմ՝ մի քանի հոգի պատասխան կտան»,- ասաց Հրաչ Բերբերյանը։ Հարցին, թե խնձորը միա՞կ դեպքն էր, որը Հայաստան է եկել մաքսանենգ ճանապարհով, նա պատասխանեց. «Իհա՛րկե ոչ։ Եթե մեկն այսպիսի հարցով քրեական պատասխանատվության է ենթարկվում, բնականաբար, դա մեկ անգամ չի եղել»։
