«Ելք»-ն ընդունեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հըանդիպմանն ասաց,որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում: «Արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է պահել իր օգտին քվեարկած յուրաքանչյուր անձի քվեն», -ասաց Մարուքյանը: Նա ընթերցեց դաշինքի հայտարարությունը: «Ես ինքնաբացարկ եմ ներկայացնելու և աշխատելու եմ Ազգային ժողովում: Մյուս մեր թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք: Ես չեմ կարծում, որ կլինեն ինքնաբացարկներ, որովհետև ընտրությունների արդյունքներով Երևանի ավագանու անդամ ընտրված մեր թեկնածուները ակտիվ մասնակցություն են ունեցել քարոզարշավին: Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարց դեռ չենք քննարկել: Կքննարկենք, կասենք», -ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան: Նա նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքն ավելի քան 1000 ավելի ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանից ստացած ձայներն էին: «Մենք ունենք վստահության կայուն հենարան Երևանում և ընդհանրապես Հայաստանում, և մեր խնդիրն է մեր համակիրների թիվը բազմապատկել: Մեր քաղաքական գործունեությունը դրան է միտված լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
