Խոշոր ավտովթար Երևանում
Երեկ՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարևանությամբ, Jeep Grand Cherokee մակնիշի 34 LP 444 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը՝ տապալելով նրա վրայի լույսը և էլեկտրալարեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և մեկ ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն : Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տոխնիկա, մեքենայից դուրս են բերել վիրավորներին, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
