«Իմ և աղջկաս դեմ բռնություն կիրառողները պատասխանատվության են ենթարկվելու» A1+ (տեսանյութ)
Երեկ երեկոյան հայտնի դարձած ընտրակեղծիքի մասին տեղեկատվությունը պաշտոնական պարզաբանում չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքերով, իրենք հետազոտել են եւ պարզել, որ 50 տոկոսից ավել ընտրատեղամասերում տեղադրված չհրկիզվող պահարանները տեսանելի վայրում չեն։ «Սա նշանակում է, որ ընտրություններն արդեն սկսվել են ընտրակեղծիքներով»։ «Կարծում եմ, ՀՀԿ շտաբում պահում էին ոչ միայն այն մարդկանց անունները, որոնց 5-10 հազար դրամներ էին բաժանել, այլև նրանց անուններն, ում գումար են տալիս բաժանելու համար: Մենք չենք ներխուժել այդ տարածք՝ դուռը բաց էր, մենք փորձեցինք տեսնել, թե ինչ ցուցակներ են: Մտանք, մի տիկին էր նստած, հավանաբար սկզբում ինձ չճանաչեց, մտածեց՝ իրենց հաճախորդներից ենք, բայց հետո հասկացավ, որ ես եմ ու պահեց փաթեթը։ Հետո զանգեց իրենց շտաբի պետին: Շտաբի պետն եկավ եւ սկսվեց ամենը: Եթե այդ ցուցակները բացահայտվեին, ներկայացվեին հանրությանը, ապա մարդիկ իրական փաստեր կունենային, բայց ամեն բան արվեց այդ ցուցակները չհրապարակելու համար»,-ասաց Փոստանջյանը։ Նա նշեց , որ ափսոսում է, որ ներս մտնելուն պես չի բացել այդ փաթեթը եւ ներկայացրել լրատվամիջոցներին: Նրա կարծիքով՝ այդ ժամանակ ընտրակեղծարարության հստակ փաստեր կլինեին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ տեղամասերում շրջելիս տեսել է նախկին պաշտոնյաների, թաղապետարանի աշխատակիցների, որոնք ընտրողներին ուղղորդել են: Զ. Փոստանջյանը նաեւ ընթերցեց իր կուսակցության հետագա գործունեության ծրագիրը կամ իր բնորոշմամբ՝ բանաձեւը, որով առաջարկում է ազգային դիմադրության ճակատ ստեղծել: «Մենք հիմա կորստի, անկման շարժման մեջ ենք, իսկ այս անգամ մեզ այդ կորուստը չեն ների՝ ո՛չ սերունդը, ո՛չ աշխարհը: Մայիսի տասնհինգից հետո Տարոն Մարգարյանն ու իր թիմն ամեն օր խնդիր են ունենալու, մենք մեծ թիմ ունենք, համախոհներ ամբողջ աշխարհում, մենք ստեղծելու ենք քաղաքական պլատֆորմ, որպեսզի իրականություն դարձնենք մեր ծրագիրը»,-ասաց նա: Փոստանջյանը նաեւ չհստակեցրեց, թե արդյո՞ք իրենք կհրաժարվեն մանդատներից, փոխարենն ասաց, որ ցանկացած անօրինական գործողություն իրենց անուններով են կոչելու։ «Մենք գործելու ենք որպես Երեւանի քաղաքապետ եւ ՀՀ պաշտոնյաներ: Տարոն Մարգարյանին դժոխք է սպասում, նա օր ու արև չի ունենալու»: Նա նաեւ չհստակեցրեց, թե արդյո՞ք իրենք պատրաստվում են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել, սակայն դիմեց զինված ուժերի եւ Ազգային անվտանգության աշխատակիցներին՝ կոչ անելով անցնել «ժողովրդի» կողմը։ Զ. Փոստանջյանն ընդգծեց, որ ինքը անձեռնմխելի անձ է. «Յուրաքանչյուրը, ով իմ նկատմամբ, իմ երեխայի նկատմամբ բռնություն են կիրառել՝ բոլորը նաեւ միջազգային օրենսդրությամբ պատասխանատվության են ենթարկվելու»:
