Քննարկել են Ուկրաինայով բեռների տարանցման խնդիրը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր նախագահ Տիգրան Սարգսյանին կոչ է արել համատեղ լուծել Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան բեռների տարանցման խնդիրը: «Ներկայումս ես հենց խորհրդակցություններ էի անցկացնում Եվրասիական միության գործընկերների հետ: Գիտեք, մեզ մոտ Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցման հետ կապված կապված խնդիր է առաջացել: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել», - ասել է նա Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Այդ ամենը համընկնում է այն հարցերի շրջանակին, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում», - հավելել է Ռուսաստանի վարչապետը: Մեդվեդեւը հիշեցրել է, որ ինքը Սարգսյանին վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա դեռեւս գլխավորում էր Հայաստանի կառավարությունը: «Այժմ Դուք շատ մեծ ղեկավար եք, վերազգային մարմնի ղեկավար, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը` Եվրասիական կոլեգիայի», - շարունակել է ՌԴ վարչապետը: Այդ կապակցությամբ նա հաջողություններ է մաղթել Սարգսյանին` նման աշխատանքը կոչելով բարդ, բայց հետաքրքիր եւ ուղղված ինտեգրացիային եւ մեծ արդյունքների ստացմանը, որոնք շահավետ կլինեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար:
