600 միլիոն դոլարի ԱԹՍ-ներ 2 տարում Իսրայելից. Ալիևի ռազմական ֆիասկոն

«Մենք մտահոգված ենք բռնության վերջին շրջափուլով: Հուսով ենք, որ կողմերն արագ կհասնեն հրադադարի հաստատմանը և կվերսկսեն բանակցությունները», - «Ազատության» հարցմանն ի պատասխան այսպես է արձագանքել Իսրայելի արտաքին գործերի նախարարության փոխխոսնակ Դորիտ Հերսկովիչը:

Նախարարությունն անպատասխան էր թողել Elbit Systems-ի մասնագետների Բաքու մեկնելու, իսրայելական զինատեսակներով Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի և բնակիչների թիրախավորման փաստերը: Նման հարցում ուղարկվել էր նաև Իսրայելի պաշտպանության նախարարություն, որը «Ազատության» բոլոր դիմումներին 2017 թվականից ի վեր չի պատասխանել:

Վերջին տարիների ընթացքում հրեական, ադրբեջանական ու ռուսական մամուլում հայտնված որոշ տեղեկություններ ի մի բերելով, կարելի է որոշակի պատկեր ստանալ: Հայկական կողմի բողոքի նոտայից ու Իսրայելում հայերի ցույցերից հետո արդյո՞ք կրկին միլիարդավոր դոլարների զենք է վաճառվել:

«Ազատությունը» հիշեցրել է, որ 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը շարունակվեց, ու Harpy, Harop, ThunderB, Orbiter-ի մի քանի տեսակներ, Hermes 450 արդեն ձեռք բերված հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բանակը համալրվեց Elbit Systems ամենամեծ ոչ պետական ձեռնարկության Skystriker և Hermes 900 ԱԹՍ-ներով:

Հայտնի են 2017-ին կնքված Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքի ձեռքբերման գործարքի հետ կապված որոշ մանրամասներ: Հրեական առաջատար Jerusalem Post-ի լրագրող Աննա Ահրոնհեյմը 2017 թվականի հունվարի 11-ի իր հոդվածում, վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալները, տեղեկացնում է, որ Ադրբեջանն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել Skystriker հարվածային ԱԹՍ-ներ՝ 137 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Այն 2019-ին արդեն ցուցադրվել էր, սակայն խոսքը քանի՞ գնված ԱԹՍ-ի մասին է, դժվար է ասել, քանի որ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ արժե այն, բայց, ըստ որոշ կանխատեսումների, խոսքը մոտ երեք տասնյակ սարքերի մասին է:

ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպության բլոգում 2018 թվականի մայիսի 1-ին հրապարակված տվյալներով՝ Ադրբեջանը գնել է Իսրայելից 15 Hermes 900 ԱԹՍ, եթե հաշվի առնենք, որ ըստ հայկական պաշտոնական աղբյուրների, այն մոտ 30 միլիոն դոլար է, ապա ընդհանուր գործարքի թիվը կազմում է 450 մլն դոլար:

IAI (Israel Aerospace Industry) պետական ձեռնարկության Harop հարվածային ԱԹՍ-ը մոտ 4 միլիոն դոլար արժե, իսկ արդեն սնանկացած Aeronautics Defence System-ն, իր հերթին, առաջարկել էր Ադրբեջանին իրենից գնել 20 մլն դոլարի Orbiter 1K հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք 4 անգամ էժան էին և կարող էին մինչև 2 կգ պայթուցիկ մարտագլխիկ ունենալ:

Aeronautics Defence System-ն իրականացրել էր դրանց փորձարկումը մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ 2017 թվականի հուլիսին, որի արդյունքում Իսրայելը, գործադրելով իր ողջ դիվանագիտական հնարավորությունները, կարողացավ խուսափել միջազգային սկանդալից: Այն օրերին Իսրայելին պաշտոնապես իր բողոքի նոտան հայտնեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն գաղտնի պահելով դեսպանի այցն Իսրայել ու չբացահայտելով այն վստահեցումները, որոնք նա ստացել էր հրեական կողմից այս կազմակերպության նկատմամբ՝ հետաքննությունը մինչև վերջ անցկացնելու հետ կապված: Արդյունքում այն սնանկ ճանաչվեց, բայց Jerusalem Post-ի լրագրող Աննա Ահրոնհեյմը 2019 թվականի փետրվարի 17-ի իր հոդվածում նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկու տարի անց՝ 2019-ի հունվարին վերականգնել էր Aeronautics Defence System-ի միջազգային արտոնագիրն ու 13 միլիոն դոլարի թույլտվություն տվել նրան՝ Ադրբեջանին Orbiter 1K հարվածային անօդաչու սարքեր վաճառելու համար. խոսքն, ըստ մեր հաշվարկների, 25 ԱԹՍ-ի մասին է:

«Ազատությունը» ամփոփում է թվերը: Արդյունքում՝ 137+ 450 +13 = 600 մլն դոլար, այսինքն՝ 2017-2019 թվականների ընթացքում Ադրբեջանն Իսրայելից 600 միլիոնի միայն ԱԹՍ-ներ է ձեռք բերել, նաև արագընթաց փոքր ռազմանավեր, որոնք ամբողջությամբ համալրված են իսրայելական տարբեր պետական և ոչ պետական ձեռնարկությունների ՀՕՊ և կրակային ու հրթիռային համակարգերով: Ընթացքում ձեռք բերվող ռազմամթերքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հայտնի հրեա լրագրող և բլոգեր Ալեքսանդ Լապշինը, «Ազատությանը» հայտնելով իր կարծիքը, նշել էր, որ Իսրայելն ունի հսկայական ռազմական արդյունաբերություն, և այդ ճյուղը զարգացնելու համար երկիրը վաճառում է իր ռազմական արտադրանքը նաև Ադրբեջանին, որի իրավունքն ունի: «Կան երկրներ, որոնց դեմ գործում են տնտեսական ու քաղաքական սանկցիաներ, որոնք որոշում է ՄԱԿ-ը, սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանն այդ երկրների ցուցակում չէ: Իսրայելն իրավունք ունի կոնվենցիոնալ զենք վաճառել Ադրբեջանին, որից էլ օգտվում է, սակայն այս երկիրն Իսրայելի համար միայն ԱԹՍ-ների շուկա չէ, այն նաև բազա է իրեն թշնամի Իրանին հետևելու համար», - կարծիք է հայտնել հրեա լրագրողը: «Գաղտնիք չէ, որ հետախուզական նպատակով Ադրբեջանում տեղակայված են իսրայելցի մասնագետներ, որոնք մոնիթորինգ են անում Իրանում տեղի ունեցած իրադարձությունները՝ մի պետության, որն Իսրայելի թշնամին է», - հավելել էր նա:

«Յուրաքանչյուր ծառայություն իր գինն ունի, և դրա փոխարեն Իսրայելը, հավանաբար, պարտավորվում է Ադրբեջանին զենք վաճառել՝ ինչ-որ կերպ շրջանցելով Հայաստանի և որոշ պետությունների դժգոհությունը», նկատել էր Ալեքսանդր Լապշինը:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ադրբեջանական բանակի 13 ԱԹՍ խոցվեց, մեկն էլ՝ Արցախում: Ավելին՝ հայկական արտադրության ԱԹՍ-ները ադրբեջանական 3 տանկ ոչնչացրեցին:

Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեց տարի ավելացավ, նույն քաղաքականությունը կշարունակվի ըստ ամենայնի նաև ապագայում, քանի դեռ Բաքուն համարում է, որ իր պատկերացրած ղարաբաղյան լուծմանը հայկական կողմը չի համաձայնելու:

Չնայած այն հանգամանքին, որ Ալիևն արդեն երկրորդ անգամ՝ 2016թ. ապրիլին ու այս տարվա հուլիսին տեսնում է ադրբեջանական բանակի ֆիսակոն, նրան այլ բան չի մնում... Միայն այդ կերպ նա սեփական հասարակությանը պետք է պատմի ադրբեջանական «հզոր բանակի» մասին պատմություններ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2552 անգամ
Լրահոս
Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am