Պետք է պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արեւմտյան Հայաստանի հողերը
Եթե Թուրքիայի նկատմամբ պահանջ ունեցող բոլոր երկրները ներկայացնեն այդ պահանջները, այդ երկրից ոչինչ չի մնա, այս մասին հայտնել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանն այն մասին, որ Անկարան չի ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին: «Ի պատասխան՝դրան մենք պետք է իմ կարծիքով թուրքական Քուրդիստանը անկախ պետություն ճանաչենք, պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արեւմտյան Հայաստանի հողերը, բացի դրանից՝ բուլղարացիներն ու հույներն էլ կարող են իրենց պահանջները ներկայացնել, ու Թուրքիայից ոչինչ չի մնա»,- ասել է Ժիրնովսկին, հայտնում է «Ռուսկայա սլուժբա նովոստեյը» Բացի դրանից, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետը պատմություն չգիտի: «Թուրքիայի վարչապետն Ուկրաինա էր այցելել ու հայտարարել, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա անգրագետ մարդ է, չգիտի, որ Ղրիմը մենք ստացել ենք Թուրքիային ջախջախելու արդյունքում, երբ կնքվել է Քյուչուք-Քայնարջիի հաշտության պայմանագիրը: Ուկրաինան դրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը միշտ մատնում է նրանց»,- ասել է ՌԼԴԿ առաջնորդը: Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր ուկրաինացի գործընկեր Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան Ղրիմը ուկրաինական տարածք է համարում: Բացի դրանից, նրա խոսքով, օգնելով Հայաստանին, Ռուսաստանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
