Տարոն Մարգարյանն անդրադարձել է ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու «Ելք» դաշինքի մեղադրանքներին
Այսօր Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ասաց, որ հաշվետու են քաղաքացիներին իրենց կատարած 4 տարվա աշխատանքի համար, ապա ներկայացրեց հանուն Երևանի զարգացման իրենց 5 տարվա ծրագիրը։Այնուհետև լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ նա ասաց, որ իրենց կենտրոնական շտաբն այդ հարցի շուրջ հայտարարություն տարածել է։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հանձնաժողովի քննությանը, նա ասաց, որ դա նրանց լիազորությունն է, իրենք հայտարարությամբ հանդես կգան. «Մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ կլինի, իսկ ինչ վերաբերում է նման հայտարարություններին, ապա մեր կենտրոնական շտաբն արդեն հայտարարությամբ հանդես է եկել։ Իսկ Ոստիկանության հետ կապված խնդիրը մենք դատապարտում ենք. ես դատապարտում եմ, երբ խոչընդոտում են քարոզչությունը»: Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև միջադեպին, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը խոչընդոտել էր «Ելք» դաշինքի քարոզարշավը: Նա ընդգծեց, որ դատապարտում է քարոզարշավը խոչընդոտելու ցանկացած դեպք: Հարցին, թե ՀՀԿ-ի հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա կարող է քրեական գործ հարուցվել, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Իրավապահները թող քննեն, եթե դրանից հետո հարցեր կառաջանան, ես պատրաստ եմ պատասխանել»:
