Սերժ Սարգսյանը իրեն դիմած 362 դատապարտյալներից ներում է շնորհել 30-ին
2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին ներման խնդրագրով դիմել է 362 դատապարտյալ, որոնցից 30-ին նախագահը ներում է շնորհել։ Այս մասին, Yerkir.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նշվել է, որ հիշյալ 30 անձինք դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք դատապարտված են եղել հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Ենթադրվում է, որ հիշյալ 11 դատապարտյալների թվում է նաև «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը:
