Ալիեւն է հայերին հողեր հանձնել. Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ
Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, մեկնաբանելով Հեյդար Ալիեւի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները երկրի ընդդիմության հասցեին, ասել է, թե Ալիևը միայն սուտ հայտարարություններ է անում: «Ալիևը կարծում է, որ եթե սուտն անընդհատ կրկնի՝ իրականություն կդառնա: Միլիոնավոր մարդիկ ականատեսն են, թե ինչպես է հենց Հեյդար Ալիեւը հայերին հանձնել 6 շրջաններ: Շուշին եւ Լաչինն օկուպացված էին Ազգային ճակատի իշխանության գալուց առաջ: Մեր կուսակցության կառավարման տարիներին ազատագրվել է Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը: Կորցրել ենք միայն մեկ շրջան՝ Քելբաջարը: Եվ դա կատարվել է Ռուսաստանի ջանքերով ու մեր կուսակցությանն իշխանությունից հեռացնելու նպատակով»,- ասել է Քերիմլին, գրում է contact.az-ը: Ինչպես հայտարարել է՝ Ալիևը խոսում է այնպիսի բաների մասին, որոնք չունի: «Ո´չ Իլհամ Ալիեւը, ո´չ նրա հայրը, ո´չ էլ այժմյան կառավարության անդամներից որեւէ մեկը չեն մասնակցել Ադրբեջանի անկախության հաստատմանը: Դա արել են հենց նրանք, ում Ալիեւը այսօր ժողովրդի թշնամի է կոչում: Նա իշխանությունը ժառանգաբար է ստացել եւ հիմա փորձում է դրական լույսի տակ երեւալ՝ մեզ թշնամի ներկայացնելով», - նշել է Քերեմլին:
