Ինչո՞ւ ազատ չեն արձակում Գևորգ Սաֆարյանին. ԵՄ ներկայացուցիչը խոստացավ /տեսանյութ/
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանի ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ՝ պահանջելով միջազգային պատժամիջոցներ կիրառել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Փրկության ճակատի անդամները ԵՄ հայաստանյան գրասենյակ հանձնեցին Ամանորի գիշերը ձերբակալված Գեւորգ Սաֆարյանի կալանավորման վերաբերյալ FIDH եւ Human Rights Watch-ի գնահատականները: «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ն որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմքի վրա ստեղծված կառույց, պետք է չհամագործակցի ՀՀ իշխանությունների հետ եւ միջազգային պատժամիջոցներ կիրառի Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ընդունելով նամակը, նշեց, որ իրենք կծանոթանան նամակի բովանդակությանը եւ կարձագանքեն: «Գևորգ Սաֆարյանին ազատ չեն արձակում, քանի որ նա ազատ մտածողություն ունի, իսկ ազատ մտածող մարդիկ հասնում են այն ամենին, ինչին ձգտում են»,-Հայելի.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության փետրվարի 15-ին մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը: Դատարանի որոշումը դժգոհություն էր առաջացրել Գեւորգ Սաֆարյանի` դատարանի առջեւ հավաքված համախոհների շրջանում, նրանք ձվեր էին նետել դատարանի շենքի վրա: Գեւորգ Սաֆարյանին սատարող մի քանի տասնյակ քաղաքացիներ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի շենքի մոտից շարժվել էին ԵԽԽՎ գրասենյակ: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
