«Այո, ՀՀԿ–ում իրարից ձայներ են խլել»
ՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել: Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ: – Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է: – ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք: – Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան: – Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի: – Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը: – Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում: – Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան: – Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:
