Փաշինյանը սթափեցնում է իշխանության գժուկներին
«Ելք» դաշինքի նախընտրական առաջարկը՝ 15-հազարական դրամ սոցիալական աջակցության մասին, բացառապես օրինական է։ Այդ մասին Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու, դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես հայտնի է՝ մենք մի քանի օր առաջ փոփոխություն ենք կատարել մեր նախընտրական ծրագրում: Այս առաջարկը մեծ աղմուկ առաջացրեց, կրքեր բորբոքեց, բայց էմոցիոնալ մթնոլորտում չարձանագրվեց ամենակարեւորը։ Վերջապես կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում ընտրակեղծիքի դեմ, ընդ որում, ամենատարածված կեղծիքների երկու տեսակի՝ ընտրակաշառքների եւ կարուսելի: Դրանք դարձել են ընտրական պրոցեսի ամենավճռական գործոնները, որոնք թույլ են տալիս լկտիանալ հանրապետական կուսակցությանը եւ քմծիծաղով վերաբերվել իշխանափոխության մասին հայտարարություններին։ Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, թե այս առաջարկով կարող է արմատախիլ անել ընտրակաշառքի եւ կարուսելի պրակտիկան. «Այս փոլում մեր առաջարկը չի կանգնեցնի ընտրակաշառքի 17-ամյա անիվը, բայց քաղաքացին կստանա կոնկրետ մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի։ Այս առաջարկը բացարձակապես օրինական է։ Չկա մի իրավաբան, որը կապացուցվի, որ սա անօրինական է։ Մենք այդ փրկագինն ենք վճարում՝ հանուն մեր քաղաքացիների փրկության»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը միայն ճոխ քեֆերի ու կոնյակների մասին է մտածում, իսկ իրենք այդպիսին չեն լինելու:
