Ընտրակաշառքի այլընտրանքը ըստ Անահիտ Բախշյանի
Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքն այսօր հրավիրած ամփոփիչ հավաքին ելույթով հանդես եկավ նաև «Ելք»-ի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը: «Այնքան հպարտ եմ լինել այս թիմի անդամ, որ չեք պատկերացնի: Ես շատ ընտրությունների եմ մասնակցել, բայց այս անգամ իմ մեջ մի խանդավառություն, վերելք կա, որին հավատում եմ… Ջահելների հետևից վազել եմ, ոչ մի տանիքից չեմ ընկել, ոտք չեմ ջարդել, փառք Աստծո»,-ասաց նա: Անահիտ Բախշյանն անդրադարձավ «Ելք»-ի առաջարկած 15 000 դրամ սոցիալական վճարին: «Քննարկման ժամանակ այդքան էլ համաձայն չէի, բայց քանի գնաց, համոզվեցի՝ սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք, այս անգամ մենք նախընտրական հրաշալի խոստում ենք տալիս, գնացեք ձեր համոզմունքի, խղճի համաձայն, ընտրությունը կատարեք ու հաճույք կզգաք դրանից»,-ասաց նա:
