«Ուղղությունը հստակ ճիշտ ենք ընտրել, խնդիրն էլ ճիշտ է ձևակերպված». Աղվան Վարդանյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ այս համաձայնագիրն ընդգրկելու է 6-րդ գումարման ԱԺ-ի ամբողջ գործընթացը` մինչև 2022 թվականը: «Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր հուշագրի հիմքում: Դրանք են` մեր սահմանների անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու վճռականությունը: Ես կարող եմ վստահ ասել, որ այս մեկ տարվա համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել, որ մենք կկարողանանք երկրում արմատական և որակական բարեփոխումներ իրականացնել և մեր հայրենակիցների համար ստեղծենք լավ պայմաններ: Ուղղությունը հստակ ճիշտ ենք ընտրել, խնդիրն էլ ճիշտ է ձևակերպված»,- ընդգծեց նա:
