ԱՄՆ-ը դիտավորյալ միջամտում է Զիկա տենդի տարածմանը. Օնիշենկո
Ռուսաստանը պետք է Աբխազիայում կենտրոնացնի Զիկա վիրուսի դեմ պայքարի հիմնական միջոցառումները, եւ դա պետք է արվի մինչեւ մոծակների սերունդ տալը, որը սկսվում է + 17 աստիճանի դեպքում։ Այս մասին BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է «Ռոսպոտրեբնադզորի» նախկին ղեկավար Գենադի Օնիշենկոն։ Նա նշել է, որ Աբխազիայում՝ Սեւ ծովի առափնյա շրջանում, դեռ 2012թ. ռուս միջատաբանները գրանցել էին մոծակի այդ տեսակը։ Օնիշենկոյի խոսքով՝ նման մոծակ է հանդիպել նաեւ Ղրիմում։ «Ինձ դեռ անհանգստացնում է Աբխազիայի առափնյա հատվածը, որտեղ այդ մոծակի առկայությունը գրանցվել էր։ Սակայն դա ինձ անհանգստացնում է նաեւ այն պատճառով, որ այդ վայրից ոչ հեռու՝ մեր սահմանների մոտ, տեղակայված է ԱՄՆ բանակի միկրոբիոլոգիական լաբորատորիան։ Եվ ես կարծում եմ, որ անգամ ձեզ չեն համոզում այն պնդումները, որ այսօր ամերիկացի միկրոբիոլոգները մտածում են միայն վրացի երեխաներին կարմրուկից պաշտպանելուց։ Դրա համար չէ Պենտագոնը կառուցել այդ լաբորատորիան։ Եվ ահա այդ ամերիկյան լաբորատորիայի եւ մոծակի առկայության համադրությունն ինձ մտահոգում է համաճարակային գործընթացին դիտավորյալ միջամտելու տեսակետից»,- ասել է նա։
