Մեղքի մեր բաժինն ընդունում եմ. ՊԵԿ նախագահ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի ջանքերի արդյունքում բացահայտվել են ադրբեջանական խնձորն ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրած անձինք և նրանց այդ հարցում կաշառվելու եղանակով օգնած մաքսավորները: «Վարույթը գտնվում է Քննչական մարմնում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած համակարգը մաքրման փուլում է, և այդ ընթացքում կարող են գտնվել մարդիկ, ովքեր «չեն հասկանում, որ մաքրվելու ժամանակն է»: «Ես մեր մեղքի բաժինն այս ամենի մեջ զգում եմ, բայց կրկնում եմ, որ մեր ջանքերի շնորհիվ են բացահայտվել մեղավորները: Մեղքի բաժին ունեն ոչ միայն կաշառվող մաքսավորները, այլ նաև կաշառողը, ներկրողը, այդ խնձորը վաճառողները: Մենք մեր մեղքի բաժինն ունենք, և ես հայտարարում եմ, որ այդ մարդիկ պատժվելու են»,- ընդգծեց Հարությունյանը:
