Ինչպիսին կլինի Վաշինգտոնի հայացքը` ԼՂ խնդրին

Սրացում` ստատուս-քվոյի պահպանման դեպքում ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից հետո շատերին է հետաքրքրում, թե ինչ քաղաքականություն կվարի նորընտիր նախագահը Հարավային Կովկասում և, հատկապես, ինչ դիրքորոշում կբռնի ԼՂ խնդրի հարցում: Այժմ, երբ Ռուսաստանն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հիմնական խաղացողը` ԱՄՆ-ի դերակատարության շուրջ հստակությունը խիստ կարևոր է, որովհետև Մոսկվան Բաքվի հետ ԼՂ հարցում կարող է գնալ քայլերի, որոնք չեն բխի հայկական կողմի շահերից: Օբամայի օրոք Ալիևի վարչակազմի նկատմամբ կար հստակ կոշտ քաղաքականություն, արդյոք դա կպահպանվի նաև Թրամփի օրոք, ցույց կտա ժամանակը: Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որևէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: «Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա: Սակայն, հակամարտությունը սառեցված վիճակում պահպանել այլևս նույնպես հնարավոր չէ. «Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում, կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի ձեռքի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են, սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Բլանկի կարծիքով, այսօր միջնորդներից և ոչ մեկը, այդ թվում նաև ԱՄՆ-ը, հանդես չի գալիս խաղաղության նոր նախագծով, անտեսելով խնդրի կարևորությունն ու հնարավոր պատերազմի հետ կապված վտանգները. «Իրավիճակը կարող էր փոխվել, եթե ԱՄՆ-ը հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ, սակայն, դա նույնպես տեղի չի ունենում»: Քարնեգիի հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալը, ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը, նշում է նաև, որ այն թույլ կտա նաև բարելավել տարածաշրջանի տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, խնդրի կարգավորումը թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, որոնք սառեցված են մնում հենց Ադրբեջանի ջանքերով, նշում է Դե Վաալը: Սթիվեն Բլանկի խոսքով, սակայն, Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավման համար Թուրքիան առաջին հերթին պետք է հետևի Գերմանիայի օրինակին, որը փարատեց բոլոր կասկածները առաջինը ճանաչելով հրեաների Ողջակիզումը. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է երկու հանգամանք, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորումը, և երկրորդը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչում»: Մինչ այդ, Թուրքիայի նկատմամբ չի կարող լինել լիարժեք վստահություն և դրա համար ամենաբարձր գինը կվճարի հենց Թուրքիան, համոզված է Սթիվեն Բլանկը: Ինչո՞ւ է Հայաստանին հարկավոր «Իսկանդեր» համակարգը Ապրիլի 17-ին Washington Times-ում հայտնվել էր Լլոյդ Գրինի հոդվածը, որում հեղինակը գրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաև ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար դրա հետևանքների մասին։ «Իմ գործընկերոջ հոդվածում շատ թեզեր աղավաղված են, ինչի հետ կապված ընթերցողի մոտ կարող է առաջանալ սխալ տպավորություն այդ հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական վիճակի մասին»,-The National Interest-ում գրում է Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը` ըստ 1in.am-ի։ Հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի առաջացման, ղարաբաղյան պատերազմի ծագման մասին, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր 1915-23 թթ օսմանյան Թուրքիայի ցեղասպանությունն էին վերապրել, հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, հեղինակը հիշեցնում է, որ ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները զորքեր ուղարկեցին՝ իրագործելով ագրեսիայի ակտ։ Այն մասին, որ դա եղել է Ադրբեջանի ագրեսիայի ակտ ընդդեմ ԼՂ-ի, վկայում է Վաշինգտոնի հետևողական պաշտոնական դիրքորոշումը, որը նա զբաղեցրել է հակամարտության ողջ ընթացքում։ Այսպիսով՝ խորհրդային արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի հետ 1990 թվականին հանդիպման ժամանակ սենատոր Փելը հայտնել էր նրան, որ Ամերիկան անհանգստացած է հայկական Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին, Փելը նախարարին է փոխանցել նամակ, որում շատ ազդեցիկ սենատորներ Մոսկվայից պահանջել են Լեռնային Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Զինված հակամարտության թեժ պահին Կոնգրեսն ընդունել է Ազատության աջակցման ակտի 907-րդ մասը, որով արգելվել է ամերիկյան ցանկացած օժանդակության ցուցաբերում Ադրբեջանին նրա ագրեսիվ գործողությունների պատճառով։ «Ավելին, ԼՂ-ն Հայաստանի հետ հավասարապես ներառվել է երկրների պաշտոնական ցուցակում, որոնց Ամերիկան մինչ օրս ամեն տարի ֆինանսական օգնություն է ցուցաբերում։ Եթե հավատանք Գրինի հայտարարություններին, ապա ստացվում է, որ Ամերիկան աջակցել է ագրեսորների՝ Հայաստանին և Ղարաբաղին։ Մի՞թե նման բան հնարավոր է»,-գրում է Գալստյանը։ Այսօր ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդիսանում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահներ։ Այդ խմբի բազմաթիվ հայտարարությունում նշվում է, որ այդ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Միակ երկիրը, որը չի կիսում Մինսկի խմբի կողմից ներկայացված միջազգային հանրության կարծիքը, Ադրբեջանն է։ Այդ պետության ղեկավարությունը բացահայտ հայտարարում է, որ ողջ աշխարհի հայերը հանդիսանում են Ադրբեջանի թշնամիներ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից ու բնակության երկրից։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա պետական պարգևներ շնորհեց լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ում հետ նա ուսուցում էր անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Անցած տարվա ապրիլին խաղաղ գյուղերի ու քաղաքների դեմ ադրբեջանական զանգվածային ագրեսիայի ժամանակ կիրառվել են ամենավտանգավոր զինատեսակները, ներառյալ ծանր կրականետային ТОС-1 համակարգ։ Սպիտակ տունը կրկին դատապարտել է այդ ագրեսիան՝ հայտարարելով, որ հակամարտությունը պետք է կարգավորել՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ։ Միջազգային հարցերով Ներկայացուցիչների պալատի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, հետախուզական հարցերով կոմիտեից բարձրաստիճան դեմոկրատ Ադամ Շիֆը, սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու այլ օրենսդիրներ նույնպես դեմ են հանդես եկել Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ Եթե ուշադիր վերլուծենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ դիվերսիոն գործողությունները, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանը Ռուսաստանից գնել «Իսկանդեր» համակարգը։ Գրինը խորպես սխալվում է՝ ասելով այն մասին, որ հայկական կողմը մտադիր է այդ համալիրներն օգտագործել արևմտյան էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համալիրը ոչ թե որպես ահաբեկման տարր, այլ Բաքվի ագրեսիվ պլանների զսպման զենք։ «Գիտակցելով առկա իրողությունները՝ կցանկանայի հարց ուղղել գործընկեր Լլոյդ Գրինին. «Ունի՞ արդյոք քրիստոնեական Հայաստանն իրավունք՝ պաշտպանելու սեփական ժողովրդի անվտանգությունը, եթե նրա հարևանն ամեն անգամ հայտարարում է «երկրի երեսից հայ ժողովրդին ջնջելու անհրաժեշտության մասին»»,-եզրափակել է հեղինակը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am