Խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը նվազել է. Վարդան Հարությունյան
«Բարեփոխումների արդյունքում վերջին կես տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել: 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 միլիարդ դրամ կամ 7.6 տոկոս: 500.3 միլիարդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 միլիարդ դրամ կամ 9.4 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 3 միլիարդ դրամ կամ 1.9 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը: «Խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը նվազել է 48.8 տոկոսից հասնելով 33.2 տոկոսի :Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով»,- ասաց Վարդան Հարությունյանը, շեշտելով, որ շարունակում են հետևողական աշխատանք տանել ստվերը սպիտակ դաշտ բերելու համար:
