Բացառել դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթը. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բազմիցս են բարձրաձայնել՝ ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է։ «Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք մեր երկիրը կզարգացնեն», - նշեց նա։ Նա նշեց, որ անհրաժեշտ են կրթական համակարգում բարեփոխումներ, հաշվի առնելով դա` նա հանձնարարական տվեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Նա ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։ Կարեն Կարապետյանը Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում, ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը։ Վարչապետի հանձնարարականով 4-ամսյա ժամկետում պետք է մշակվեն ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, իսկ մեկամսյա ժամկետում՝ ուսումնասիրվեն և Կառավարության աշխատակազմ ներկայացվեն առաջարկություններ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ:
