Հակոբ Բեգլարյանը գոհ է ՀՔԾ որոշումից.
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Կենտրոնից ընտրված ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանը, «Փաստի» հետ զրույցում հայտարարել է, թե ՀՔԾ–ն ոչ թե իր, այլ՝ «արդարության» օգտին է որոշում կայացրել: Նշենք, որ չնայած Կենտրոնում Հակոբ Բեգլարյանի օգտին ընտրակաշառք առաջարկելու բազմաթիվ ահազանգերին և ապրիլի 2–ին Կոնդի նրա նախընտրական շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայությանը, որն արձանագրել էր «Ազատության» թղթակիցը, Հատուկ քննչական ծառայությունը գտավ, որ այդտեղ հանցակազմ չկա ու գործը կարճեց: «Փաստի» հարցին, թե տեղեկություն կար, որ ինքը բավական թանկ գին է վճարել մանդատի համար, Բեգլարյանը հայտարարել է. «Ո՞վ ա ասել: Ով որ ասել ա, իրան էլ հարցրեք թանկ գնի համար»: Հստակեցմանը, թե ինչպե՞ս հասկանանք այն ցուցակները, որոնցով մարդկանց իր անունից գումար էին առաջարկում, Բեգլարյանն ասել է. «Տենց բան չի եղել, ես չգիտեմ տենց բան: Եթե դուք տեղյակ եք, խնդրեմ, ասեք, իմանանք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
