Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձը նախապես ծրագրավորված է եղել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված սպանության փորձը նախապես մանրակրկիտ ծրագրավորված է եղել: Այդ մասին է փաստում այն հանգամանքը, որ դեպքից դեռևս օրեր առաջ Նորաշենի գյուղապետին հետևել են հանցագործությունը կատարած անձինք, իսկ այդ օրը ծրագրավորվածի համաձայն՝ գործի անցել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձն ատրճանակից կրակոցներ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով 3 հրազենային վնասվածք է ստացել ավտոմեքենայի վարորդ Կարեն Ղազարյանը, վերջինս դեպքից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը վնասվածքներ չի ստացել:
