Բաքվի մեկուսարանում Մարատ Ուելդանով-Գալուստյանին ծեծել են
Այսօր Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգել է քրոջը և տեղեկացրել, որ նրան ուրբաթ օրը տեղափոխել են սարսափելի մի վայր, նշել է նաև, որ ինքն այդ մասին հեռախոսազրույցի միջոցով հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսական բաժնի ղեկավար Օլգա Յուրիևային: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը: «Փաստաբանը նրան չի այցելում: Մարատը մտավախություն ունի, որ ամեն ինչ անում են, որ նա չհասցնի բողոքարկել դատարանի որոշումը: Նա չգիտի, թե ում և ինչպես պետք է ներկայացնի բողոքարկում»,- ասաց Մարիաննա Միրզոյանը: Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ էին պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում: Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, նա Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: Նշենք, որ Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացին ապրիլի 28-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մարիաննա Միզոյանը նշեց, որ հիմա իր եղբայրը բանտասենյակում մենակ չէ: «Այն օրը, երբ Մարատին տեղափոխեցին այլ վայր, նա գտնվում էր ընդհանուր բանտասենյակում, որտեղ կար 11 մարդ և 8 տեղ: Նա օրեր շարունակ անքուն էր մնացել։ ԱԱԾ-ի հետաքննական մեկուսարանում, որտեղ գտնվել էր Մարատը, նրան ստիպել են ստորագրել փաստաթղթեր այն մասին, որ նա ոչ մի բողոք չունի իրենց հետ կապված: Մարատը հրաժարվել է դա անել, և նրան ծեծել են, հետո արդեն մեքենայում խփել են նրա մեջքին: Հիմա Մարատը հիվանդ է, նա ջերմություն ունի և կոկորդն է ցավում, բացի դրանից, նրա մոտ ստամոքսի խոցի սրացում է: Մարատը չի հասկանում, թե իրենից ինչ են ուզում»,- ասաց նա:
