Հերթական վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը կվճարի 2400 եվրո
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է արդարադատության նախարարությանը հատկացնել 52 հազար 565 եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 2400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Իսկ ահա «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ գործադիր մարմինը դիմումատուին վճարելու է 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ: Ի դեպ, նշված գործերով ՄԻԵԴ-ի վճռով գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Նշենք, որ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել էր Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել`պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ դատարանը նրա պնդումները հաշվի չի առել։
