Դին հայտնաբերվել է քայքայված վիճակում
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ անհետ կորած համարվող Մասիս քաղաքի 69-ամյա բնակիչ Հարություն Ֆայադի Ազատյանի դին հայտնաբերել են կիսաքայքայված վիճակում: Տղամարդու անհետացման մասին դեռևս ապրիլի 28-ին պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել Ոստիկանությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին՝ ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ոստիկանությունը նաև տեղեկացրել էր, որ օպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից: Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Կայքի տեղեկություններով, տղամարդու դին հայտնաբերվել է Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին: Բացի այդ տղամարդու կիսաքայքայված դիակից ոչ շատ հեռու հայտնաբերվել է նաև նրա վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը:
