ԵԼՔ-ն անցել է իշխանության կողմը. Զ. Փոստանջյան
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանի `ընտրակաշառքից հրաժարվածներին 15 000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու առաջարկը համարում է քրեորեն հետապնդելի արարք: «Մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապդնելի արարք է: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, նույնիսկ դատապարտում եմ, որովհետև մեր հանրային գումարները իրենց նպատակայնութամբ պիտի ծախսվեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը: ԵԼՔ-ն անցավ իշխանության կողմը, երբ ընդունեց ԱԺ ընտրությունների արդյունքները, իսկ հիմա շարունակում է այդ գործընթացը,կարծիք է հայտնում թեկնածուն և հավելում. «Իրենց մի քննությունը չհանձնած՝ ձախողեցին երկրորդը»։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք «Երկիր Ծիրանին» կվերցնի ավագանու մանդատները, եթե մեծամասնություն չլինի, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գնում ենք վերցնելու իշխանությունը, մենք գնում ենք մեծամասնություն վերցնելու, եթե-ներով չենք խոսում, չգիտեմ ուրիշ դեպքում ինչ կլինի»։
