Գոշ լճից տիղմը հանել ու կուտակելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել.նախարար
«Նախ՝ ասեմ, որ Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոփոխվել և հաստատվել է, վերջապես փաստացի ունենք ջրվեժ, որն ունի աշխատանքային նոր գրաֆիկ և դրանից դուրս ժամանակահատվածում շահագործողը պարտավոր է պահապանել նաև էկոլոգիական հոսքը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: « «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրված է, նախարարությունը ծառատունկ և մաքրման աշխատանքներ է իրականացրել:Ամիսներ առաջ հայտարարեցինք, որ կառավարության բոլոր կառույցները ներգրավված են այս ծրագրում, վարչապետի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է ղեկավարում, բնականաբար, կենտրոնական տեղում բնապահպանության նախարարությունն է»,-անդրադառնալով վերոնշյալ ծրագրին ասաց Արծվիկ Մինասյանը: Ծրագիրը չի դիտարկում որպես բնությունն աղբից մաքրելու ֆիզիկական գործընթաց, այլ գաղափարական հենք,ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա մտցնելու, Գոշ լճից տիղմը հանել ու կուտակելու խնդրին և ասաց,որ դրա վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել: «Նկատողություն է հայտարարվել տարածքի պատասխանատուին, ով ժամանակին պետք է բացահայտեր և ներկայացներ այդ գործողությունը: Վարչական պատասխանատվության մեխանիզմը գործում է, ստուգումներ են իրականացվելու, վարչական պատասխանատվության ենթարկվելու է կազմակերպությունը, որն իրականացրել է այդ աշխատանքները, որովհետև դրանք իրականացվել են առանց համապատասխան ծրագրի:Մեր նպատակն այնպիսի աշխատանք իրականացնելն է, որ վերականգնվի նախկին տեսքն ու պատճառված վնասը վերացվի, սակայն դեռևս այդ աշխատանքներն իրականացնելու համար եղանակային պայմանները բարենպաստ չեն »,-ասաց նա:
