Արմավիրցին առեւանգել է հարեւանի 6-ամյա թոռանը, խեղդել նրա պապին

Ժամանակը գրում է.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի  նախագահությամբ ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործի դատական քննությունը: 44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, սպանության փորձի ու դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով: Ըստ դատական ակտի՝ Հովսեփի հանցավոր գործողություններն ուղղված են եղել հարևան Էդվարդ Մ.-ի ընտանիքի դեմ: Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան առողջության որոշակի խնդրի առկայությունը: Ըստ դատական ակտի՝  2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը: Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, առևանգել է նրան, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե: Երեխայի տատիկը, որ աշխատում էր մանկապարտեզում, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, հարցուփորձ է արել մոտակայքում խաղացող երեխաներին  և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել  է հիվանդանոցի նկուղ: Անմիջապես գնացել են այնտեղ, տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում: Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն  տեսնելով՝ սկսել է լաց լինել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս առանց խոսելու արագ հեռացել է նկուղից: Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար: Երբ Հովսեփին հարցրել են, թե ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի: Երեխայի տատիկը, չցանկանալով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել հարևանի հետ, երեխայի պապիկին, հայրիկին, ինչպես նաև ոստիկանությանը չի հայտնել տեղի ունեցածի մասին: Սակայն Հովսեփ Սարգսյանը, ըստ դատական ակտի, շարունակել է հետևել փոքրիկ Վարսիկին: Երեխայի ընտանիքի անդամները նկատել են դա: Լարվածություն է առաջացել հարևան ընտանիքների միջև: Երեխայի հայրը մի քանի անգամ փորձել է Հովսեփի հետ խոսել, խնդրել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, բայց տեսնելով, որ Հովսեփը շարունակում է նույն վարքագիծը, 2014 թվականի փետրվարի 7-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովսեփ Սարգսյանն իր ընտանիքին չանհանգստացնի: Ներկայացված դիմումի մեջ երեխայի առևանգման մասին հայրը չի նշել, քանի որ այդ դեպքի մասին նրան դեռ հայտնի չի եղել: Դիմումի համաձայն ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել, այդ ընթացքում Հովսեփ Սարգսյանն ուղարկվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն, այնտեղ պահվել է մեկ շաբաթ ու դուրս է գրվել հոգեկան խնդիր ունենալու վերաբերյալ ախտորոշմամբ: Հովսեփ Սարգսյանը դրանից հետո ավելի է լարվել հարևանի ընտանիքի դեմ: Ըստ դատական ակտի՝ վրեժի շարժառիթով նա 2014 թվականի սեպտեմբերին խաղողի այգում փորձել է սպանել երեխայի պապիկին՝ Էդվարդ Մ.-ին: Հովսեփը ռետինե խողովակը փաթաթել է նրա պարանոցին, սեղմել ու փորձել է խեղդամահ անել, սակայն համագյուղացի Վաղարշակը, աղմուկ լսելով, մոտեցել է: Նրան տեսնելով՝ Հովսեփը հանցագործությունն ավարտին չի հասցրել, հեռացել է: Էդվարդի որդիները, ցանկանալով հարթել անհաշտությունը Հովսեփի հետ, 2015  թվականի հունվարին գնացել են նրա տուն, առաջարկել են հաշտվել: Ըստ դատական ակտի՝ Հովսեփն առերևույթ է ընդունել հաշտության առաջարկը, բայց իրականում չի հրաժարվել այդ ընտանիքից վրեժ լուծելու, Էդվարդ Մ.-ին սպանելու մտքից: 2015 թվականի ապրիլի 28 –ին, իբր՝ հաշտվելու նպատակով, Հովսեփն առաջարկել է Էդվարդին, որ հանդիպեն, իրար հետ մի կտոր հաց ուտեն: Նախապես նա գնել է ուտելիք և օղի: Ժամը 11-ի սահմաններում Էդվարդ Մ.-ն դուրս է եկել տանից՝ հորթերն արածեցնելու: Նա դուրս է եկել իրենց գյուղից, հասել է Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող իր այգու տարածք: Սալորենու մոտ նա հանդիպել է Հովսեփին, ով օղի և ուտելիք է հյուրասիրել: Հովսեփը, ըստ դատական ակտի, Էդվարդին հասցրել է ալկոհոլային հարբածության վիճակի, դրանով նրան զրկել է դիմադրելու հնարավորությունից, ապա նրա պարանոցը սեղմելով՝ խեղդամահ է արել: Մարմինը թողել է ծառի տակ՝ ծածկելով պիջակով ու տպավորություն ստեղծելով, թե մարդը քնած է: Հովսեփը հավաքել է ուտելիքի մնացորդները, շիշը, բաժակները ու հեռացել է… Առաջադրված մեղադրանքներում Հովսեփ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ հարևանի երեխային մանկապարտեզի խաղահրապարակում տեսել, քաղցրավենիք է հյուրասիրել ու զգուշացրել է, որ իր շանը քարով չխփի: Նրան չի առևանգել երեխային, նկուղում չի պահել: Չի փորձել սպանել Էդվարդ Մ.-ին, ինչպես նաև նրան չի սպանել: Դեպքից մի քանի ամիս առաջ ինքը հաշտվել էր Էդվարդի ընտանիքի հետ: Էդվարդն իրենից պահանջել է, որ այդ առիթով հյուրասիրի իրեն: Ինքը Արմավիրից ուտելիք ու կիտրոնի օղի է գնել՝ տափակ շշով: 2015 թվականի ապրիլի 28-ի առավոտյան փողոցում հանդիպել է Էդվարդին, պայմանավորվել են հանդիպել դաշտում՝ վերջինիս այգու մոտ: Ինքը նախապես գնած ուտելիքն ու օղին վերցրել, գնացել է պայմանավորված վայր: Էդվարդը սկզբում բարկացել է իր վրա, նույնիսկ փորձել է ձեռնափայտով հարվածել, ինքը թույլ չի տվել: Նստել են ծառի տակ: Ինքը հյուրասիրել է: Խմել է միայն Էդվարդը, ինքը չի խմել: Մի քանի բաժակ օղի խմելուց հետո Էդվարդը սկսել է խռխռացնել ու խեղդվել: Ինքը նրան ձախ կողքի վրա պառկեցրել է ծառի տակ, գլխարկը դրել է գլխին, բաճկոնը գցել է վրան: Էդվարդն իրեն ասել է, որ մարդու չասի, պահանջել է, որ ինքն էլ հեռանա: Իր հեռանալու ժամանակ Էդվարդը ողջ էր, նա ձեռքի շարժումով իրեն ասել է, որ հեռանա: Հովսեփ Սարգսյանը պնդել է, թե ինքը Էդվարդին չի սպանել: Հեռանալուց առաջ հավաքել է ուտելիքի մնացորդները, շշերն ու բաժակները, տոպրակով նետել է Նորապատ գյուղից եկող ջրատարի մեջ, որում այդ պահին ջուր չկար: Տոպրակը հետագայում այնտեղ հայտնաբերվել է… Դատարանում Հովսեփ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց: Անչափահաս երեխան հարցաքննվել ու պնդել է, որ հարևան Հովսեփն իր ձեռքից քաշելով մանկապարտեզի ճոճանակի մոտից իրեն տարել է նկուղ, մի քանի անգամ ապտակել է, ասելով՝ ինչո՞ւ ես քարով խփել իմ շանը: Երեխան ասել է, թե շատ է վախեցել, ցանկացել է դուրս գալ նկուղից, Հովսեփը չի թողել՝ նա բռնել է իր ձեռքից: Հետո նկուղ են եկել տատիկն ու մանկապարտեզի դաստիարակչուհին, նրանք իրեն դուրս են բերել նկուղից: Երեխայի տատիկը պատմել է, թե ինչպես է հիվանդանոցի նկուղում գտել վախեցած թոռնուհուն. երեք օր երեխայի լեզուն վախից «բռնվել էր, նա չէր խոսում: Երբ սկսել է խոսել, ասել է. «Շանս խփել ես երազիս մեջ…»: Վկա տատիկն ասել է. «Անմեղ մարդը մտել է հողի տակ»՝ նկատի ունենալով իր սպանված ամուսնուն: Նա պնդել է, որ Հովսեփն է սպանել ամուսնուն… Իրենք երեք տարի ահով-դողով են ապրել, Հովսեփը հետևում էր երեխային, հետապնդում էր իրենց, ամուսնուն փորձել է սպանել և կսպաներ, եթե համագյուղացին վրա չհասներ… Դեպքի օրը, երբ ամուսինը դաշտից չի վերադարձել, իր որդիները, ամբողջ գյուղը փնտրել են նրան, չեն գտել: Հաջորդ օրն են գտել՝ ծառի տակ պառկած, իբր՝ քնած է, բայց նա խեղդված էր, գլուխը՝ ջարդված… Բժիշկը նայել ու ասել է, որ «ինֆարկտ չի», Էդվարդը սպանված է… Ամուսինը խմող չի եղել: Թե ինչու է Հովսեփը նման բան արել, ինքը չգիտի, երևի՝ «ոխ է պահել երեխայի պահով»… Հովսեփն իր որդուն չէր կարող սպանել, նրանից վախենում էր, դրա համար ամուսնուն է սպանել… Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ Հովսեփ Սարգսյանը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Նա ներկայացրել է 2 միլիոն 200 հազար դրամ քաղհայցի պահանջ: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Հովսեփ Սարգսյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 11 տարի  ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի ապրիլի 30-ից: Պատիժը կրելու ընթացքում Հովսեփ Սարգսյանի նկատմամբ նյարդահոգեբույժի հսկողություն կսահմանվի: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով, որը կբռնագանձվի Հովսեփ Սարգսյանից՝ որպես սպանված տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 
 

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video) Նիկո՛լ, դու տեսար այդ զզվանքը քո նկատմամբ․․․ Ռուսաստանում տեսա՞ք՝ ինչ եղավ․ Նիկոյան (video) Ես ձեզ ասեմ՝ այս անամոթների կողմից ամենասարսափելին ինչն է, որին նրանք դիմեցին․ Սերժ Սարգսյան (video) Տղե՛րք, ես ամեն ժամ ձեզ հետ եմ․ Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվում գերության մեջ գտնվողներին (video) Դու 5000 տղու ես զոհաբերել, ի՞նչ ես ուզում Դավիթից․․․ ես ձեր․․․ Վահե Մովսիսյան (video) Փախած, քո ամբողջ կյանքը փախած է եղել․ Սերժ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Սերժ Սարգսյանը բացատրում է՝ ինչու չեն մասնակցում ընտրություններ (video) Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը հուսահատված վերջին ճիգերն է գործադրում. երկու բան է մնացել․ երիտասարդ (video) Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենին»՝ ՀՀԿ համագումարի բացման ժամանակ (video) Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video) Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը․ Սուրենյանց Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան «Սարգսյան Գարի՛կ, դու գնա, կոկորդիլոսներով զբաղվի»․ ՀՀԿ-ական երիտասարդ (video) Ա՛յ հաստավիզ, դու ո՞վ ես՝ երեխուն ասես՝ որտեղ կանգնի. Դավիթը Փաշինյանի դեմքին էլ չի նայել․ Մելիքյան (video) Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ Սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը․ Յոլյան ՇՏԱՊ․ Ո՞ր ուժին է աջակցելու Սերժ Սարգսյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am