Հարավային Կորեան նոր նախագահ ունի
Ինչպես հայտնել է Յոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային ընտրական կոմիտեին, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում՝ապահովելով ընտրողների ձայների 41,1 տոկոսի (13,4 մլն քաղաքացիների) աջակցությունը: «Կորեական ազատություն»-ից պահպանողական Հոն Ջուն Պհեի օգտին քվեարկել է ընտրողների 24,03 տոկոսը, ձախ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունից Ան Չհոլ Սուի օգտին՝ 21,4 տոկոսը: Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը: «Եթե անհրաժեշտ լինի, ես իսկույն կմեկնեմ Վաշինգտոն, եթե թույլ տան պայմանները, պատրաստ եմ այցելել նաեւ Փենյան»,- խոսելով Կորեական թերակղզում լարվածության թուլացման հասնելու մտադրության մասին ասել է նա: «Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար»,-ընդգծել է Մուն Չժե Ինը: Նույն օրը նա պաշտոնապես ստանձնել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը՝ մայիսի 9-ին կայացած ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 41,08 տոկոսը: Ներկայիս ընտրությունները վաղաժամկետ են անցկացվել նախկին նախագահ Պակ Կըն Հեյին հայտարարված իմպիչմենտի կապակցությամբ, որը ներքաշված էր խոշոր կոռուպցիոն սկանդալում:
