Ապրիլյան գործողությունը մեզ համար քննություն էր՝ նախապատրաստվելու, եթե դրա կարիքը լինի, ավելի մեծ ճակատամարտի. Մովսես Հակոբյան
Այսօրվա սերունդն արժանի իրավահաջորդն է ավագ սերնդի, ինչպես Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի իրավահաջորդները դարձանք մենք, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Դիտարկմանն՝ ասում են տոնի առթիվ ուրախությունը կիսվում է, քանի հերոսներից շատերն այսօր Արցախում չեն՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, նա պատասխանեց. «Կարծում եմ ձեր տված հարցը ոչ տեղին է, ոչ էլ ես դրան կպատասխանեմ երբևիցե, որովհետև հարցը որոշակի ենթատեքստ ունի, այս տոնը մթագնելու ցանկություն է, դրա համար էլ չեմ պատասխանի»։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո եղած ձեռքբերումներին՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ ապրիլյան գործողություններից հետո բավականին մեծածավալ աշխատանք է կատարվել։
«Այս պահի դրությամբ իրավիճակի հանգիստ լինելը կապված է զուտ հայ զինվորի կատարվող սխրանքներով, այն բարեփոխումներով, որն իրականացվել է Զինված ուժերում։ Ապրիլյան գործողությունը մեզ համար քննություն էր՝ նախապատրաստվելու, եթե դրա կարիքը լինի, ավելի մեծ ճակատամարտի», - նշեց նա։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշեց, որ ամեն օր, ամեն ժամ հակառակորդը փորձում է վնաս պատճառել հայ զինվորին, բայց, նրա խոսքով, դա հակառակորդի մոտ չի ստացվի։
