Մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության. Գարեգին Բ
Պատերազմական այս մարտահրավերների առջեւ մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության։ Այդ մասին ասվում է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ԱՄենայն հայոց կաթաղիկոս Գարեգին Բ-ի ուղերձում։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով: Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում եւ վերարժեւորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի կերտմանը եւ աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան ազատագրական պայքարում այս հաղթական օրը մեր հերոս զավակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ ազգային մեր մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմավորվեց նաեւ Արցախի ապահովության եւ խաղաղության երաշխիք հանդիսացող Պաշտպանության բանակը: Այսօր, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Պատերազմական այս մարտահրավերների առջեւ մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության, մեզ համար հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը: Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որպեսզի Բարձրյալ Տերը լուսեղեն երկնային հարկերում հանգստություն շնորհի հայրենիքի համար զոհված մեր հերոս զավակների հոգիներին, խաղաղություն պարգեւի համայն աշխարհին, զորացնի եւ ապահովության մեջ պահի հայրենի մեր պետականությունը եւ մեր ժողովրդին այժմ եւ հավիտյանս. Ամեն»:
