Նոր մանրամասներ ջրահեղձ եղած զինվորների դեպքից.հայտնի են անունները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածները ժամկետային զինծառայողներ են: SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել ջրահեղձ եղած զինվորների ինքնությունը: *** 23:15 Քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. «Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
