«Բեզդելնիկներ». Իգիթյանը՝ Փաշինյանին և Փոստանջյանին վճարված գումարների մասին
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանն այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում նշեց, ներքուստ վիրավորված է: «Երբ դու հակառակորդ, մրցակից ես ունենում, քեզ համար պատվաբեր է, երբ հզոր ուժ է մրցակից լինում: Վիրավորական է, երբ իմ սիրելի քաղաքը թամաշայի բեմ են սարքել՝ գառաժների կռիշներով վազվզելով ինչ-որ կոչեր են անում կամ սպիտակ կադիլակներով սպիտակ հագնված թատրոն են սարքել»,-ասաց նա: Նա ասաց, որ իրենք մեծ խոստումներ չեն տալիս. «Չաշխատող մարդն է մեծ կոչեր անում: Չի պատկերացնում էդ ինչ գործ է: Ես որ ավագանի չէի, ես էլ էի փնթփնթում, դժգոհում էի տանը, դուրսը, շփումների ընթացքում: Երբ ավագանի դարձա, ես հասկացա, թե էս ինչ մեծ բեռ է էս հրաշք քաղաքը՝ Երեւանը ղեկավարելը: Եվ ամենից շատ ինձ զարմացնում է մեր քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի աշխատունակությունը: Էն, որ կողքին ես, ուզում ես աշխատես, չես կարող անբան մնաս: Հիմա դրա համար վիրավորանք է, երբ որ մարդիկ կան, որոնք իրանց կյանքում ոչինչ չեն արել: Գիտեք, ես անցած օրը մի թեթեւ հաշվարկ արեցի: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, ես թեթեւ չոբան հաշիվ արեցի. Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ անի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն: Աշխատող մարդը չի խոսի»: Նա հիշեցրեց, որ ինքը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն է, և, ըստ նրա, այս կենտրոնը աշխարհում մրցակից չունի: «Ծանր ենք պահում այդ կենտրոնը, քանի որ երկիրը պատերազմական վիճակում է, եթե այդ «բեզդելնիկին» այդքան փող տված չլինեինք, ես այդ կենտրոնը հրաշք դարձրած կլինեի»,-ասաց նա՝ նշելով, որ նույնը կարող է ասել Փաշինյանի մասին, որը, ըստ իր հաշվարկի, պատգամավոր եղած տարիներին ստացել է մոտ 40 հազար դոլար:
