Մարդկությունը՝ մութ անտառում. Հարյուր հազարավոր մահեր, տնտեսական աննախադեպ կորուստներ

Ողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 8 միլիոնը, մահվան դեպքերն անցել են 439 հազարից, ապաքինվել է շուրջ 4 միլիոն 249 հազարից ավելի մարդ:

Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: «Օսկար» մրցանակաբաշխությունը, որ տեղափոխվել էր հաջորդ տարվա փետրվար, հիմա արդեն ակնկալվում է անցկացնել ապրիլի վերջին: Հիդրօքսիքլորոքինը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում էր «կանխարգելիչ նպատակով», հանվել է Covid-19-ի բուժման համար նախատեսված դեղերի ցանկից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է Չինաստանում Covid-19-ի նոր բռնկմամբ: Հինգ օրվա ընթացքում Պեկինում վարակի նոր դեպքերի ընդհանուր թիվն անցել է 130-ը: Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Չենայ քաղաքում կրկին խիստ կարանտին է, Իրանի իշխանությունները մտածում են խիստ սահմանափակումների վերադառնալու մասին:

Ռուսաստանի 13 շրջանների իշխանություններ համաճարակի պատճառով հրաժարվել են Հաղթանակի շքերթ անցկացնել: Հիշեցնենք՝ համաճարակի պատճառով մայիսի 9-ի շքերթը տեղափոխվեց և նշանակվեց հունիսի 24-ին: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն խորհուրդ է տվել, որ Մոսկվայի բնակիչները շքերթը դիտեն հեռուստատեսությամբ:

Այսպես, վեց ամիս` համաճարակի հետ... Ի՞նչ է արդեն հայտնի, ինչ դեռ հայտնի չէ: Անցած տարեվերջին, երբ Չինաստանում արձանագրվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը, համաճարակաբաններից շատերը սկսեցին կանխատեսումներ անել դրա ընթացքի մասին, բժիշկներն առաջարկեցին բուժման սխեմաներ, ոմանք նույնիսկ պնդեցին, թե մի քանի ամսից ամեն ինչ կավարտվի: Մասնագետների մի խումբ, սակայն, առաջին իսկ օրից պնդում է` մարդկությունը մտել է մութ անտառ, որտեղ որևէ մեկը դեռ չի եղել, և հնարավոր է, որ այս դեպքում գործեն խաղի կանոններ, որոնց որևէ մեկը դեռ ծանոթ չէ:

Անցած ամիսները ցույց տվեցին, որ վերջիններս չէին սխալվել. 21-րդ դարում` տեխնոլոգիական աննախադեպ նվաճումներից հետո, մարդկությունը ստիպված է հիմա քայլ առ քայլ բացահայտել նոր վարակի առանձնահատկությունները` հարյուր հազարավոր մահերի ու տնտեսական աննախադեպ կորուստների գնով:

Եվ այսպես, ի՞նչ է պարզվել նոր կորոնավիրուսի մասին` անցած կես տարվա ընթացքում: Այն վարակիչ է և կարող է փոխանցվել ոչ միայն հազի կամ փռշտոցի միջոցով, այլև` խոսելիս, երգելիս ու ծիծաղելիս: Ըստ «Ազատության»՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վարակված մարդիկ այդ ժամանակ արտաշնչում են վիրուսի միկրոմասնիկներ, որոնք կարող են օդում մնալ մինչև 14 րոպե և անգամ տեղաշարժվել մի քանի մետր: Հենց դա է պատճառը, որ հիմա գիտնականները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում դիմակ կրել հասարակական վայրերում, հատկապես` այն տարածքներում, որտեղ հնարավոր չէ պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:

Երկրորդ` նոր վիրուսը գործում է անկանխատեսելի ու մոլորեցնող մարտավարությամբ. միևնույն տարիքի, նույն ազգության ու սեռի ներկայացուցիչներից մեկին տապալում է գետնին, մյուսի վրա ընդհանրապես որևէ ազդեցություն չի թողնում: Ընդ որում, այսօր արդեն հստակ է, որ ասիմպտոմ` վարակն առանց ախտանշանների տանող մարդիկ հատուկենտ չեն. Չինաստանում, ըստ կառավարության, ապրիլին արձանագրված դեպքերի 60 տոկոսում վարակակիրը որևէ գանգատ ու հիվանդության նշան չի ունեցել, համաճարակի առաջին օջախներից մեկում` Diamond Princess զբոսանավում, ասիմպտոմ էին եղել վարակակիրների 72 տոկոսը: Ավելի ուշ Սինգապուրում կատարված զանգվածային թեստավորումն ապացուցել էր` արտաքուստ առողջ այդ մարդիկ, այդուամենայնիվ, տարածում են վիրուսը և անկախ իրենց կամքից` վարակում մյուսներին:
Վերջին ամիսներին հերքվել է նաև պնդումը, թե սիմպտոմ չունեցող վարակակիրները փոխանցում են կորոնավիրուսի, այսպես ասած, թեթև տարբերակը: Բազմաթիվ են դեպքերը, երբ նույն ընտանիքի անդամներից մեկը նույնիսկ ջերմություն չի ունեցել, մյուսը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Թե ինչու` դեռ հստակ չէ:

Մասնագետները խոստովանում են, որ դեռևս չգիտեն` ինչպես է COVID-19-ը ազդում օրգանիզմի վրա: Սկզբում մեծ մասը վստահ էր, որ այն սեզոնային գրիպի նման ախտահարում է հիմնականում շնչառական օրգանները: Հիմա, սակայն, հստակ է` ծանր դեպքերում վարակն ազդում է ուղեղի, սրտի, երիկամների ու մարսողական համակարգի վրա, համատարած են նաև հաղորդումները արյան անոթների խցանման մասին: «Նյու Յորքում` համաճարակի բռնկումից հետո, կտրուկ ավելացավ սրտի և գլխուղեղի կաթվածների թիվը», - «Ռոյթերզ»-ին պատմել է տեղի հիվանդանոցներից մեկի փոխտնօրեն, նեյրովիրաբուժության պրոֆեսոր Ջեյ Մոկկոն, ընդգծելով` սա բոլորովին նոր հիվանդություն է, որի մասին դեռ որևէ մեկը որևէ բան չգիտի: - «Մենք տեսել ենք կորոնավիրուսով վարակված երիտասարդների, որոնք հիվանդանոցում են հայտնվել սրտի կաթվածով, և փաստացի որևէ այլ ախտանիշ ու գանգատ չեն ունեցել»:

Առայժմ հստակ չէ նաև`արդյոք մեկ անգամ վարակվելով հնարավոր է իմունիտետ ձեռք բերել այս վարակի դեմ, և եթե այո` որքան երկար է այն պահպանվում: «Վարակի տարածումից անցել է ընդամենը կես տարի, որևէ մեկը դեռ որևէ բան չի կարող կանխորոշել», - ասում է բրիտանացի գիտնական, բժշկագիտության պրոֆեսոր Փոլ Հանթերը, հավելելով. - «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ որոշ ժամանակ անց դուք կրկին չեք վարակվելու»:

Համաճարակի դեմ տևական հաղթանակը, ըստ փորձագետների, հնարավոր է միայն արդյունավետ ու անվնաս պատվաստանյութ գտնելու դեպքում: Դրա համար, սակայն, ամիսներ, եթե ոչ տարիներ պետք կգան: Մինչ այդ, գիտնականները խոստովանում են` այս պահին կարող են միայն երեք լուծում առաջարկել` դիմակ կրել հանրային վայրերում, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանել ձեռքերը:

Նշենք, որ օրեր առաջ եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները համաձայնագիր ստորագրեցին, որը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծում:

Եթե կլինիկական փորձարկումներն անցնեն բարեհաջող, ապա խոսքը այդ դեղամիջոցի 400 միլիոն չափաբաժին ձեռքբերելու մասին է: Համաձայնագրի կողմ է Astrazeneca դեղագործական ընկերությունը, որը համագործակցում է Օքսֆորդի համալսարանի հետ, որն էլ իր հերթին աշխատում է AZD1222 պատվաստանյութի վրա և շարունակում դրա արդյունավետության հարցով հետազոտությունները: Ավելի վաղ Astrazeneca-ի հետ նմանօրինակ համաձայնագիր են կնքել նաև Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, «COVID-19 համաճարակի միակ լուծումը պատվաստանյութն է»։ Սպերանցայի խոսքով` պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը պետք է ավարտվի աշնանը, և եթե դրանք հաջող ավարտվեն, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա մինչև տարեվերջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2461 անգամ
Լրահոս
Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am