Ստամբուլահայերը շարունակում են բոյկոտել Արամ Աթեշյանի ելույթներն ու պատարագները
Ստամբուլում գործող հայկական «Մարալ» պարային խմբի համերգի ժամանակ ստամբուլահայերը բոյկոտել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի ներկայությունը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Հայտնի է, որ Աթեշյանի՝ համերգասրահ մտնելու ժամանակ հանդիսատեսի շարքերից ոտքի են կանգնել համայնքի ներկայացուցիչներ ու բղավել «Աթեշյա՛ն, հրաժարակա՛ն տուր»: Պոլսահայերը նաև ցուցադրաբար հոտնկայս ծափահարել են, երբ համերգից առաջ ընթերցվել է Արամ Աթեշյանին պատրիարքի տեղապահի ընտրություններում պարտության մատնած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ողջույնի խոսքը: Ավելի վաղ Արամ Աթեշյանի մատուցած կիրակնօրյա պատարագներից մի քանիսի ժամանակ ստամբուլահայերը չեն ներկայացել պատարագներին, իսկ եկածներն էլ պատարագի կեսից ցուցադրաբար դուրս են եկել: Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
