Փառք մայիսյան եռատոնի հերոսներին․ Խաչիկ Ասրյան
Քրիստոսապա՛շտ Հայեր, Հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները: Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար. Ավարայրի ճակատամարտ, Առաջին հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում: Մայիսյան հերոսամարտերն սկսվում են մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի պաշտպանության համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով՝ կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները: Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին: 1945 թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով:Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին: 1992 թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին: Հազար փա՛ռք Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց քաջերին: Նույն թվականին ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի սահմանները:Փառք ու պատիվ Արցախի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին մայիսյան եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հզոր ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ հայոց ազգային բանակ, հայկական անսասան միասնություն, հայոց ոգու անխորտակելի թռիչք ու միասնական Հայաստան: Փա՛ռք հայ ժողովրդին, նրա փառավոր անցյալին, Վարդանանց, Հայրենական մեծ, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Լեռնահայաստանի և արցախյան պատերազմներում «իմացյալ մահով» անմահացածներին: Նրանք մայիսյան ճակատամարտերում ամրագրեցին Հայաստանի և Աստծո հավերժությունը: Հաղթարշավների շքերթի ժամանակ փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությունը և ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»... Հարգանքով՝ «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «ՀայոցԱրծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
