Լեռնային Ղարաբաղը թեև չճանաչված, բայց պետություն է, ոչ թե` հակամարտություն. Interfax
Ռուսական Interfax-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ հակամարտությունները, որոնք այսօր կան մեր տարածաշրջանում ու աշխարհում, չունեն ռազմական լուծում: «Ուժի կիրառման հետևանքով առաջացող միակ գործոնը ճնշման գործոնն է կողմերից մեկի վրա, որ բանակցային գործընթացքում առավել ճկունություն ցուցաբերի: Արդյունքում, այնուամենայնիվ, պետք է բանակցություններ լինեն, պետք է լինի խաղաղություն ու խաղաղության համաձայնագիր: Ինչքան շատ է փակուղի մտնում հակամարտությունը, ատելությունն ու ագրեսիան, այնքան ավելի բարդ է հետագայում լուծել նման հակամարտությունները», - ասել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը թեև չճանաչված, բայց պետություն է, ոչ թե` հակամարտություն: «Մեծ հույս ունենք, որ Բաքվում որոշումներ կայացնելու պատասխանատվություն ունեցողները գիտակցում են` շատ հեշտ է դռները բացել քաոսի ու իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի համար, ինչը կանգնեցնելն է շատ բարդ լինելու: Դա անպայման կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դերը, կմեծանա ոչ տարածաշրջանային խաղացողների դերը, որոնք կսկսեն օգտվել դրանից»,- նկատել է նա:
