Դաշնակցության հետ համագործակցության հարցում նախագահը «ոտքը կախ գցեց».
«Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը մեսիջ էր՝ ուղղված նախկին գործընկերներին: Դաշնակցության հետ համագործակցության հարցում նախագահը «ոտքը կախ գցեց», իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը միանա ընդդիմադիր ուժերին, եթե նրան այդպիսի առաջարկ լինի, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ընդդիմադիր ուժեր չունենք, բացառությամբ որոշ դեմքերի՝ Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մնացածը դրդապատճառ են ման գալիս , որ ոտքի կանգնեն: Ես ընդդիմությունից դժգոհ եմ, որովհետև իրենք իրենց ներքին հարցերն են լուծում, ես իշխանությունից էլ եմ դժգոհ, որովհետև անարդար է, իսկ դա պետք է պատճառ հանդիսանա ոտքի կանգնելու համար: Ընդդիմադիր ուժ ես ներկա դրությամբ համարում եմ միայն Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին և ոչ թե այն ուժերին, որոնք մեկ հանդիպում են նախագահի հետ, մեկ չեն հանդիպում, մեկ խորհրդակցում են, մեկ էլ ոչ: Իսկ ինձ դուք իշխանության ճամբարում երբևէ չեք տեսնի»: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոլաիցիային՝ պարոն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցությունը միշտ էլ ընտրություններից առաջ ուզում է մարզպետներ ձեռք բերել. «Եթե 3-4 նախարարություն էլ ձեռք բերի, դա պետական ռեսուրս է »,-հայտնեց նա:
