Եթե տեսնեն նավը խորտակվում է, ապա ՀՀԿ-ից էլ շատերը կհեռանան․ Արծրուն Պեպանյան
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, վերլուծելով «Ծառուկյան դաշինքում» տեղի ունեցած պրոցեսները, երբ որոշ ԱԺ պատգամավորի թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին գրել, իսկ հետո ներկայացան ԿԸՀ՝ պահանջելով իրենց մանդատները, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Ինչ-որ ներքին պայմանավորվածություններ են եղել, որոնք չեն պահպանվել։ Մարդիկ կարծում են, որ արդարացի չէ իրենց մանդատից զրկելը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նման երեւույթներ հասունանան։ Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանում ընդունված է, որ դիմումներ գրեն, հետո ամփոփեն արդյունքները, տեսնեն, թե ով պետք է գնա, ով՝ ոչ։ Երեւի ոմանք տեսել են, որ արդար չէ, դրա համար դժգոհել են»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ նման «ապստամբություն» հասունանա նաեւ իշխող ՀՀԿ-ում, Արծրուն Պեպանյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ում մի քիչ բարդ է, քանի որ իշխող ուժ է։ Այս պահի դրությամբ դա քիչ հավանական է։ Բայց մենք ունենք պատմական փաստ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կար մեծամասնություն խորհրդարանում, բայց այն տրոհվեց, ԱԺ պատգամավորները ստեղծեցին մեկ այլ խմբակցություն, եւ երկրի նախագահի հրաժարական տվեց։ Եթե իշխանությունը երեր է, ապա այդ դեպքում հնարավոր է, որ նման բան լինի նաեւ ՀՀԿ-ում, որովհետեւ չեմ կարծում, թե այս ցուցակներում գաղափարի նվիրյալ մարդիկ են ընդգրկված։ Հենց որ նրանք տեսնեն նավը խորտակվում է, ապա շատերը կհեռանան»։ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մեր հարցին Արծրուն Պեպանյանն արձագանքեց․ «Ես այդպիսի ընտրություններ չեմ տեսնում։ Իրականում ԱԺ ընտրություններն էլ մի բան չէին, Երեւանի ավագանունը՝ առավել եւս»։ Մանրամասները՝ hraparak.am-ում
