Զբաղվում են Ադրբեջանի «սև ցուցակ»-ով.ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց,որ Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ»-ին ի պատասխան Արցախի կողմից հակաքայլեր են իրականացվում: «Երբ Ադրբեջանը հայտարարեց Արցախ այցելած մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումների մասին, բացի եվրապատգամավորներից, այն ընդգրկեց նաև Ազոխի արշավախմբի անդամներին: Սա մեզ համար անընդունելի է, ներկայում այս ուղղությամբ իրականացնում ենք ուսումնասիրություններ: Առաջիկայում խնդրով ակտիվորեն զբաղվելու ենք: Այսպես կոչված՝ «սև ցուցակ»-ը, մենք կարծում ենք, որ ինքնին անթույլատրելի գործունեություն է: Դրա պատճառով սահմանափակվում են մի շարք իրավունքներ: Քանի հայտնի պրոֆեսորներ, ճանաչված բժիշկներ Արցախ չեն այցելի՝ հաշվի առնելով «սև ցուցակ»-ում հայտնվելու խնդիրը: Մյուս կողմից՝ սա նաև խոսքի ազատության սահմանափակում է, վառ օրինակ բլոգեր Լապշինի դեպքը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ Արցախն այս երևույթին բաց աչքերով է նայում, երևույթը սառն է դատում և իրականացնում իր հակաքայլերը: Ներկայում մասնագետների խումբը զբաղվում է այդ «սև ցուցակ»-ով:
