Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր. Նախարար
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հետագա ծրագրերից, մասնավորապես տրանսպորտի խնդիրը կարգավորելուց: Ներկայումս 220 համայնք ապահովված չէ քաղաքային տրանսպորտով: «Շուտով կունենանք տեխնիկական առաջադրանքը՝ միասնական օպերատորի ստեղծումով, միասնական տոմսերի ստեղծումով կունենանք նոր տրանսպորտային համակարգ: Մինչեւ հունիսի կեսերը կլինի տեխնիկական առաջադրանքը, որ կներկայացվի մշակման: Պետք է լավ տրանսպորտային համակարգ ունենանք՝ չմտածելով գծատերերի մասին: Միասնական տոմսը նշանակում է, որ կլինի էլեկտրոնային տոմս: Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- ասաց նախարարը: Համակարգի ներդրման ֆինանսավորման հարցը դեռևս քննարկումների փուլում է: «Քննարկումներ կան նաև Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի հանդիսանա այդ ծրագրի դոնոր: Մինչև տարվա վերջ, կունենանք կոնկրետ առաջարկները, բայց հիմա մենք ունենք պայմանագրեր՝ գործող ընկերությունների հետ, դրանք քիչ-քիչ ավարտվելուց հետո արդեն կներդրվի միասնական ցանցը: Չեմ կարծում, որ դա կարող է բերել սակագների բարձրացման: Ընդհակառակը` դա կարող է բերել սակագների իջեցման, եթե ժամանակային սահմանափակումով դուք ունեք մեկ ժամվա համար այսքան գումար, ապա այդ մեկ ժամվա ընթացքում կարող եք փոխել տրանսպորտային մի քանի միջոցներ», - ամփոփեց նախարարը:
