Ադրբեջանը ցանկանում է վախի մթնոլորտ ձևավորել.նախկին նախարարի մեկնաբանությունը
«Մեր խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս ճանապարհով ինքը որևէ նպատակի չի կարող հասնել:Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ սա մեր հաղթանակն է եղել ուրեմն մեր խաչը պետք է տանենք ու հասկանանք, որ այս հաղթանակը նաև մեր լավագույն տղաների արյունի ու կյանքի հաշվին էր»,-փետրվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է 2016-ին ԼՂ հակամարտության սրումը՝ ընդհուպ մինչև պատերազմ, Վաղարշակ Հարությունյանը նախ նշեց, որ աշխարհում ռազամքաղաքական հարաբերությունները տանում են նրան, որ գնալով կսրվեն հակամարտությունները, հատկապես մեր տարածաշրջանում: Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ եթե նայենք մեր և Ադրբեջանի ռազամական ներուժն ու ռազմական բալանսը , ապա կարելի է վստահաբար ասել, որ Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ ու հասնել արդյունքի: Նախկին նախարարի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ստիպված է իր ռազմական բյուջեն բաժանել երեք ուղղության: Վաղարշակ Հարությունյանը վստահ է, Ադրբեջանը պատրաս չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը: Նախկին նախարարը վստահ է, որ պատերազմի ճանապարհով էլ Ադրբեջանը չի հասնի հաջողության: «Մի տաս օր առաջ նրանց պաշտպանության նախարարը ասաց՝ ամեն ինչ կանենք որ հայ մայրերը ստանան իրենց երեխաների դագաղները, այդ հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում ու Արցախում: Բայց մեր բանակն ուժեղանում է»,- ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը: Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Երբ խոսում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունները շատ լավն են՝ այդպես չի եղել երբեք: Տուրիզմի տեսակետից՝ այո, բայց ռազմաքաղաքական առումով ոչինչ չկա: ՌԴ-ի համար սպառնալիք են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եւ Թուրքիան իր համար սպառնալիք է»: Անդրադառնալով Ռուսաստանի պետդումայի կոմունիստ պատգամավորների կոչին, թե հարկավոր է վերանայել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Հիմա ՌԴ արտգործնախարարությունում կա այդ առաջարկը: ՌԴ-ն կգնա դրան, թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել: Կանխելով այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ, մեզ վրա դրական ազդեցություն կունենա»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ են լուրերն այն մասին, որ ՀԱՊԿ նախագահ Բորդյուժային փոխարինելու է ինքը, Վաղարշակ Հարությունյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, ասելով. «Կադրային հարցերը չեմ մեկնաբանում»: Աստղիկ Ավագյան
