Կլասիկ քֆուրապետության շղարշը. ի՞նչ է ուզում Նիկոլն Էդմոնից կամ էլ հակառակը

 Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքը կարծես թե հավակնում է լուրջ բեկում մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում և դառնալ օրակարգի գլխավոր հարցը: Ընդ որում, այս հարցում կարծես թե հատուկ շահագրգռվածություն է ցուցաբերում հատկապես «Իմ քայլը» դաշինքը:

Ծեծկռտուքի թեման հնարավորինս արագ հարթելու և քաղաքական օրակարգից հանելու փոխարեն` Ազգային ժողովում երկուշաբթի օրը կրկին լայնորեն անդրադարձել են խնդրին: Էդմոն Մարուքյանի եղբայրը Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սասուն Միքայելյանին առաջարկել է ներողություն խնդրել եղբորից` ԱԺ-ում արված «վիզդ կկտրեմ» արտահայտության համար, և հայհոյանք հնչեցրել բոլոր նրանց հասցեին, ովքեր կարող են նման արտահայտություն անել իր եղբոր հասցեին: Իր հերթին Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է մորն ուղղված հայհոյանքներին և ասել, որ իր համար բոլորի մայրերն էլ սրբություն են, իսկ եթե Էդմոնն ու նրա եղբայրը ներողություն չխնդրեն, իրենց վատ բան է սպասվում:

Այս համատեքստում Սասուն Միքայելյանը նաև հիշեցրել է, թե ինքը ինչպիսի կառույց է ղեկավարում` նկատի ունենալով, որ ինքը ԵԿՄ նախագահն է, որն, ինչպես հայտնի է, զինված կառույց է: Նա առաջարկ է արել Էդմոն Մարուքյանին. «Եթե տղա ես, վայր դիր մանդատդ, ես էլ եմ պատրաստ դնել»: Կա՞ր արդյոք Սասուն Միքայելյանի խոսքում սպառնալիք. իհա'րկե այո: Տղայական ռազբորկայի ժանրը կարելի՞ էր տեղափոխել խորհրդարանի բարձր ամբիոն. պարզ է` ոչ: Բայց պարզ է նաև, որ Սասուն Միքայելյանը երբեք դասական կամ այս դեպքում կլասիկ քաղաքական գործիչ չի եղել, ու այն ինչ նա է ասել, իր կերպարի համար շատ բնական է: Էդմոն Մարուքյանը նիստին ներկա չի եղել, նա միջադեպին անդրադարձել է ավելի ուշ` Արցախից, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին ավելի ուշ կխոսենք:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի ելույթից հետո, չափազանց հուզիչ էր:
Էդմոն Մարուքյանի եղբոր ֆեյսբուքյան «քֆուրին» Ազգային ժողովի ամբիոնից հատուկ անդրադարձան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` բնականաբար Էդմոն Մարուքյանին մեղադրելով քաղաքական առևտրի, սադրանքի, ստվերային գործունեության և բազմաթիվ այլ մեղքերի մեջ: Հայտարարեցին, որ նա կա'մ պետք է ներողություն խնդրի, կա'մ էլ հրաժարվի մանդատից, այդ դեպքում, ըստ նրանց, Սասուն Միքայելյանը ևս վայր կդնի մանդատը: Կարո՞ղ էին արդյոք Լիլիթ Մակունցն ու Ալեն Սիմոնյանը քաղաքական նման հայտարարություն անել առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և համաձայնության: Պարզ է` ոչ: Ի վերջո, եթե խոսք է գնում մանդատ վայր դնելու մասին, ապա այստեղ որոշիչը Փաշինյանի կարծիքն է: Ստացվում է, որ Փաշինյանը պատրաստ է զոհել Սասուն Միքայելյանին, որի հետ, ըստ ԶԼՄ հրապարակումների, վաղուց քաղաքական անհամաձայնություններ և հակասություններ ունի, միաժամանակ լուծել նաև Էդմոն Մարուքյանի հարցը:

Ֆեյսբուքյան «քֆուրը»` որպես քաղաքական կատեգորիա ընդունելն ու Ազգային ժողովում իշխող ուժի ղեկավարության մակարդակով մանրամասն քննարկելն ամենացածր նշաձողն է, որի մասին երևակայել անգամ հնարավոր չէր: Խոշոր հաշվով` Էդմոն Մարուքյանի եղբայրն ընդամենը մեկն է այն հարյուրավոր և հազարավոր քաղաքացիներից, ովքեր Ֆեյսբուքում հայհոյանք են գրել: Որևէ նշանակություն չունի, թե ում է ուղղված հայհոյանքը: Չէ՞ որ իշխանություններն ամենևին էլ չեն հուզվում, երբ հայհոյում են ՀՀ նախկին նախագահներին, Արցախի նախագահներին, ազատամարտի հերոսներին, ՍԴ նախագահին և նրա ընտանիքին, սովորական քաղաքացիներին: Ինչո՞ւ են հիմա հուզվել: Ի տարբերություն Սասուն Միքայելյանի` Էդմոն Մարուքյանի եղբայրը պատգամավոր չէ, և նրա գրածն ընդամենը մասնավոր անձի կարծիք է, այս դեպքում խիստ անընդունելի:

Համացանցում հայհոյանքով խոսելն այս իշխանության գլոբալ պրոբլեմն է, և Մարուքյանի եղբոր գրածը պետք է դիտարկել և դատապարտել այս համատեքստում: Հայհոյանքների վրա հիմնված քֆուրապետության առաջին պատասխանատուն իշխանությունն է, ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանը: Մարդիկ սպառնալով և մատ թափ տալով խոսելու հռետորաբանությունն առաջին հերթին նրանից են սովորել: Այդ նա է ասֆալտին փռելու և պատերին ծեփելու բառապաշարը դարձրել քաղաքական և պաշտոնական խոսքի բաղադրիչ: Նրա ցանած սերմերն արդեն պտուղ են տվել, որը մենք հիմա ճաշակում ենք:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում, որ Էդմոն Մարուքյանը վայր դնի մանդատը, որի համար էլ գործարկվել է այս անհաջող սցենարը: Ի՞նչ կապ կա մի քանի օր առաջ Փաշինյանի հետ սուրճ խմելու ժամանակ Արցախի հարցով փակ խոսակցության և մանդատից հրաժարվելու պահանջի միջև: Հատկանշական է նաև, որ հայտնի սկանդալի պատճառով խորհրդարանի դահլիճը լքելուց հետո Էդմոն Մարուքյանը շտապել է Արցախ և հանդիպել Բակո Սահակյանի հետ: Արցախից Մարուքյանը հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել մանդատը և թույլ չի տալու, որ Փաշինյանը վերջնականապես բռնապետություն հաստատի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5203 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am