Հայ համայնքը պետք է առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինի. Մաշալյան
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանը հրաժարվում է դիմել պետական համապատասխան մարմիններին` Պոլսո պատրիարքի ընտրությունների իրավական գործընթացի մեկնարկը տալու համար: Այս մասին նա ասել է «Ակօսին» տված հարցազրույցում: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին հղած ցավակցական ուղերձում հատուկ անդրադարձել է պատրիարքի ընտրության խնդրին և հաջողություն մաղթել այդ հարցում Թուրքիայի հայությանը: Ուշադիր կարդացողը կհասկանա, որ այդ նախադասությամբ պարոն նախագահն ուզում է ասել. «9 տարի շարունակ այս հարցում հաջողություն չեք գրանցել, Աստված տա` հիմա հաջողեք»: Այժմ` հանրաքվեի ավարտից հետո, հայ համայնքը պետք է առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինի պատրիարքի ընտրության գործընթացի մեկնարկին: Պետությունը չի ասելու` դուք պետք է պատրիարք ընտրեք: Եկեղեցական կարգի համաձայն բոլոր անհրաժեշտ գործընթացները կատարելով՝ պետք է զգուշացնենք իրենց, որ ընտրության համար ամեն բան պատրաստ է», - ասել է Մաշալյանը:
