«Կարևոր գործընթաց է սկսվում».վարչապետ
Տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման նոր քաղաքականությանը վերաբերվող հանձնարարականներով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: « Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությանը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը:Նման քաղաքականությունը միտված է լինելու կառավարության կողմից գերակա ուղղություններ հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցակցության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը և ամենակարևորը նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավորության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման , սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։ «Կարևոր գործընթաց է սկսվում»,-եզրափակեց վարչապետը:
