«Մենամարտ՝ ուղիղ եթերում»․Մակրոնը հեռուստաբանավեճում հաղթել է Մարին լե Պենին
Նախօրեին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ, «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը անց են կացրել վերջին հեռուստաբանավեճերը, որոնք բավական բուռն են անցել։ Դեբատը սկսել է Լե ՊԵնը, ով անմիջապես մրցակցին քննադատությունների տարափով է հեղեղել։ Ի պատասխան՝ Մակրոնը հակառակորդին մեղադրել է ստի մեջ։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին Է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7-ին:
